ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«էթիկան հանրային կառավարման համակարգում» սեմինար

07.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 12-ը Էստոնիայում և Ֆինլանդիայում տեղի է ունեցել Էստոնիայի Արևելյան համագործակցության կենտրոնի, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության, Շվեդիայի զարգացման և համագործակցության գործակալության, Եվրոպական հանձնաժողովի ու Տարտու համալսարանի Եվրոքոլեջի կողմից կազմակերպված «էթիկան հանրային կառավարման համակարգում սեմինարը, որին մասնակցել ու զեկույցով հանդես է եկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը: Տալլինում և Հելսինկիում կայացած սեմինարին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Մոլդովայից, Բելոռուսից, Ուկրաինայից և Ադրբեջանից:


Սեմինարի ընթացում հնչել են ելույթներ էթիկայի և բարեխղճության եվրոպական համակարգերի, Էստոնիայի հանրային ծառայության արժեքների, տեղական ինքնակառավարման մարմինների կոռուպցիայի խնդիրների, թափանցիկության խթանման գործում բիզնեսի ու հասարակական կազմակերպությունների դերի վերաբերյալ և այլն: Սեմինարի ընթացքում ներկայացվել են մասնակից երկրների էթիկայի համակարգերն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկվել են դրանց առնչվող միջազգային փորձն ու առկա խնդիրների հնարավոր լուծումները:


Ծրագրի շրջանակում տեղի են ունեցել քննարկումներ Էստոնիայի ֆինանսների նախարարության և Էստոնիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդիպումներ Անվտանգության հարցերի էստոնական ակադեմիայի Հանրային ծառայության վերապատրաստումների և զարգացման կենտրոնի նախագահի, Տալլինի բանտի տնօրենի և Էստոնիայի Թրանսփերանսի Ինթերնեյշնալ կազմակերպության գործադիր տնօրենի հետ:


2012 թվականի հոկտեմբերի 11-ին սեմինարի մասնակիցները Ֆինլանդիայի կառավարության ընդունելությունների տանը ունկնդրել են Վաասայի համալսարանի դոկտոր Օլլի Պեկկա Վիինամակի զեկույցը «Արժեքների վրա հիմնված առաջնորդությունը հանրային հատվածում թեմայով: Այնուհետև, տեղեկատվության ազատության Ֆինլանդիայի փորձը ներկայացրել է Ֆինլանդիայի արդարադատության նախարարության օրենսդրական նախագծերի վարչության տնօրեն Պեկկա Նուրմիին, որին հաջորդել է Ֆինանսների նախարարության հատուկ խորհրդական Տիմո Մոիլանեի Ֆինլանդիայի քաղաքացիական ծառայության էթիկայի արժեքների ուսումնասիրության գործիքների վերաբերյալ զեկույցը: Ծրագիրն ավարտվել է սեմինարի մասնակիցների պատվին Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության՝ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության կողմից կազմակերպված ընդունելությամբ: