ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելմանը միտված գործիքակազմի իրազեկման հերթական հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզում

14.11.2022


«Հակակոռուպցիոն քաղաքականություն և բարեվարքություն» անվանումով հանրային իրազեկման հանդիպումների շրջանակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները երկօրյա այցով գտնվել են ՀՀ Վայոց ձորի մարզում։

Հանդիպում-քննարկումը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների, իսկ հաջորդ օրը՝ մարզի հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների և աշակերտների ծնողների շրջանում։

Վայոց ձորի մարզպետարանում ողջույնի խոսքով են հանդես եկել մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչ Արսեն Մանուկյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության հարցերով կազմակերպիչ Մարգարիտ Մովսիսյանը:

Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է վերջին տարիներին մեր երկրում ստեղծված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հաշվետվողականությանը և թափանցիկությանը միտված գործիքակազմերը, դրանցից օգտվելու հնարավորությունները: Խոսվել է կոռուպցիայի դեմ պայքարում կանխարգելիչ բաղադրիչի, դրանում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, մանկավարժների և դպրոցահասակ երեխաների ծնողների մասնակցության կարևորության մասին: Անդրադարձ է կատարվել Հանձնաժողովի գործունեության շրջանակում իրականացվող բարեվարքության ուսումնասիրության համակարգին և Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններով սահմանված դրույթներին:

Հանդիպման մասնակիցները բանախոսներին ուղղել են նեղ մասնագիտական հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ, ինչպես նաև կարևորել են համանման հանդիպումները՝ նշելով, որ աշխատանքային առօրյա գործերով ծանրաբեռնված՝ հաճախ չեն հասցնում ծանոթանալ պետության կողմից այս ուղղությամբ իրականացված ծրագրերին և դրանց մանրամասներին: