ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հակակոռուպցիոն գնահատման մեթոդաբանության մեկնարկային հանդիպումներ ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում

09.06.2023


Այս շաբաթ ԵՄ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ​հատվածում» Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստանում էր գտնվում գերմանացի փորձագետների հերթական առաքելությունը, որի աջակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում պետական մասնակցությամբ երեք կազմակերպությունների հետ կոռուպցիոն ռիսկերի վերլուծություններ իրականացնելու նպատակով անցկացվեցին մեկնարկային հանդիպումներ և քննարկումներ։

Ծրագրի շրջանակում ընտրվել են կազմակերպաիրավական տարբեր ձև ունեցող երեք կազմակերպություններ՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), «Երևանի հ. 119 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ) և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ԱՆԻՖ):

Ռիսկերի գնահատումը բարեվարքության համակարգի ստեղծման համար կոռուպցիայից խուսափելու անփոխարինելի հիմք է: Միայն այն կազմակերպությունները, որոնք գիտակցում են իրենց ռիսկերը, կարող են հետագայում ներքին հսկողության, անձնակազմի իրազեկման կամ կանոնակարգումների բնագավառում հատուկ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Դա վերաբերում է ինչպես մասնավոր առևտրային/ոչ առևտրային կազմակերպություններին, այնպես էլ՝ պետական կառավարման ​​մարմիններին և պետական մասնակցությամբ կազմակերպություններին:

Այս շաբաթվա աշխատաժողովներն անցան շատ բաց և կառուցողական մթնոլորտում։ Նախատեսվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և միջազգային փորձագետների հետագա աջակցությամբ մինչև 2023 թվականի վերջ երեք կազմակերպություններից յուրաքանչյուրի համար ստեղծել կոռուպցիոն ռիսկերի քարտեզագրում, որը, անհրաժեշտության դեպքում, անհատական ​​գործողությունների ծրագրի տեսքով թույլ կտա սահմանել հետագա կանխարգելիչ միջոցառումները, այնուհետև ժամանակին իրականացնել դրանք: