ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ԹՎԱՅՆԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

14.06.2023


Հունիսի 14-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ, Համաշխարհային բանկի և ԱՄՆ ՄԶԳ աջակությամբ, տեղի է ունեցել «Թվայնացում Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար» խորագրով աշխատաժողով:

Աշխատաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ ԿԿՀ) նախագահ՝ Հայկուհի Հարությունյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար՝ Էդգար Մկրտչյանը, Արդարադատության նախարարի տեղակալ՝ Կարեն Կարապետյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար՝ Կարոլին Գեգինատը, ինչպես նաև «Հայաստանի բարեվարքություն ծրագրի» ղեկավար՝ Բարբարա Ջեյմսը։

Աշխատաժողովին մասնակցում էին նաև պետական բարձրագույն պաշտոնյաներ, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀԿ ներկայացուցիչներ, միջազգային և հայաստանյան մի շարք փորձագետներ ու ոլորտի մասնագետներ։

ԿԿՀ նախագահ՝ Հայկուհի Հարությունյան. «Իրականության մեջ, ժամանակակից աշխարհում արդեն ժամանակակից տեխնոլոգիաները ոչ միայն հեշտացնում են մեր կյանքը կենցաղային և այլ հարաբերությունների տեսանկյունից՝ հաղորդակցման, տեղաշարժման և այլն, այլ նաև նպաստում և օժանդակում են կառավարություններին, որպեսզի ավելի արդյունավետ, թափանցիկ և հաշվետու կառավարում իրականացնեն և բնականաբար ԿԿՀ-ն այդ տեսանկյունից անմասն չմնաց: (…)

Այն ինչ Հայաստանի Հանրապետությունում ԿԿՀ-ի կողմից ձևավորվեց որպես հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգ` ուշադրության արժանացավ նաև Հայաստանից դուրս: Արդեն երկու-երեք հեղինակավոր ամսագրեր և լրատվամիջոցներ խոսել են և ներկայացրել  այն մասին, թե  ինչպես է արհեստական բանականության և ալգորիթմի միջոցով որոշումների կայացումը դառնում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման մոտեցում, և սա իսկապես մեզ խրախուսող և ոգեշնչող այն գործոնն է, որով ակնկալում ենք այդ փորձը տարածել և կիսել  նաև Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն այլ մարմինների գործունեության շրջանակներում, և ապահովել, որպեսզի կառավարման տեսանկյունից տվյալահեն կառավարումը դառնա և որդեգրվի որպես սկզբունք Հայաստանի Հանրապետությունում»:

Միջոցառման շրջանակում ներկայացվել է կոռուպցիայի կանխարգելման համար թվայնացման ռազմավարության ներդրման համատեքստում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված ուսումնասիրության զեկույցը, գույքի և եկամուտների հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը, համակարգի տեխնիկական հատկանիշները և ֆունկցիոնալությունը, ինչպես նաև՝ հակակոռուպցիոն շրջանակի համար առկա թվային ճարտարապետությունը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև՝ հակակոռուպցիոն բարեփոխումները և թվայնացման դերը, հակակոռուպցիոն նոր ռազմավարության շրջանակն ու հիմնական ուղղությունները, հակակոռուպցիոն ոլորտի համատեքստում առկա թվային ճարտարապետության, վերոնշյալ թեմայի շրջանակում հաջորդ քայլերի նախանշման՝ բարեփոխումների առաջնահերթության և հաջորդականության, ընթացիկ և հետագա համագործակցության ու համակարգման հետ կապված հարցեր։