ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հունիսի 12.06-16.06-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

19.06.2023


1.                Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամ Արամայիս Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է կատարել Հանձնաժողովի՝ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթին, կուսակցությունների ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրմանը, կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգմանը, առաջացած խնդիրների օբյեկտիվ և սյուբեկտիվ պատճառներին, օրենքում առկա բացերին:

       Քննարկվել են կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգի և նրանց ներկայացվող պահանջների, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգին ուղղված այլ կարգավորումներ:

2.             Հունիսի 14-ին Հանձնաժողովի նախաձեռնությամբ, Համաշխարհային բանկի և ԱՄՆ ՄԶԳ աջակությամբ, տեղի է ունեցել «Թվայնացում Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցում էին նաև պետական բարձրագույն պաշտոնյաներ, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀԿ ներկայացուցիչներ, միջազգային և հայաստանյան մի շարք փորձագետներ ու ոլորտի մասնագետներ։

       Միջոցառման շրջանակում ներկայացվել է կոռուպցիայի կանխարգելման համար թվայնացման ռազմավարության ներդրման համատեքստում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված ուսումնասիրության զեկույցը, գույքի և եկամուտների հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը, համակարգի տեխնիկական հատկանիշները և ֆունկցիոնալությունը, ինչպես նաև՝ հակակոռուպցիոն շրջանակի համար առկա թվային ճարտարապետությունը։

       Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև՝ հակակոռուպցիոն բարեփոխումները և թվայնացման դերը, հակակոռուպցիոն նոր ռազմավարության շրջանակն ու հիմնական ուղղությունները, հակակոռուպցիոն ոլորտի համատեքստում առկա թվային ճարտարապետության, վերոնշյալ թեմայի շրջանակում հաջորդ քայլերի նախանշման՝ բարեփոխումների առաջնահերթության և հաջորդականության, ընթացիկ և հետագա համագործակցության ու համակարգման հետ կապված հարցեր։