ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կորպորատիվ կառավարման կենտրոնի կազմակերպած կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված ամենամյա համաժողով՝ «Համագործակցություն հանուն կայուն կորպորատիվ կառավարման» կարգախոսով

10.07.2023


 2023 թվականի հունիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մասնակցել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Համագործակցություն հանուն կայուն կորպորատիվ կառավարման» կարգախոսով կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված իր ամենամյա Համաժողովին։ Կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված ամենամյա Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և կառավարման, ինչպես նաև հանրային հատվածում բարեվարքության ոլորտները համակարգող անդամ Լիլիթ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության շրջանակներում պետական մասնակցությամբ ձեռնարկություններում կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը և այդ ուղղությամբ ձեռնարկվող գործողություններին:

Լ. Ալեքսանյանը նշել է, որ կոռուպցիայի հաղթահարմանն ուղղված ջանքերը կարող են հաջողել միայն հանրային և մասնավոր հատվածներում համաժամանակյա մշակութային և սովորութային փոփոխությունների շնորհիվ, ինչպես նաև տեղեկացրել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր առաջին քայլերն է անում այս ուղղությամբ. մասնավորապես ԵՄ Հայաստան «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական հատվածում» Թվինինգ ծրագրի շրջանակներում մշակվել և այժմ փորձարկման փուլում է գտնվում պետական մասնակցությամբ ձեռնարկություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը:

Գնահատման գործընթացի մասին առավել մանրամասն խոսել է Հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև Ասրյանը համաժողովի երկրորդ նստաշրջանի ընթացքում՝ անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերի ներդրման համակարգի նշանակությանը և գնահատման մեթոդաբանության հիմնական գծերին:

ՏԱսրյանը կարևորել է նաև քննարկվող գործընթացներին զուգահեռ իրազեկման աշխատանքների իրականացումը՝ ուղղված կազմակերպություններում այնպիսի գիտակցության ձևավորմանը, որ բարեվարքության և կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգը առաջին հերթին օգտակար և անհրաժեշտ է կազմակերպությունների արդյունավետ գործունեության ապահովման համար: