ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Transparency Fellowship» ծրագրի շրջանակում ԿԿՀ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Լիտվայի Հանրապետության հակակոռուպցիոն մարմիններում

10.07.2023


 «Transparency Fellowship» ծրագրի շրջանակում 2023 թվականի հունիսի 26-ից հուլիսի 5-ը Լիտվայում էին գտնվում Հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ ՏԱսրյանը և կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության բաժնի պետ Տիգրան Ծատուրյանը: Ծրագրի առաջին մասը ներառում էր «Transparency International» կազմակերպության բարեվարքության դպրոցին մասնակցություն (26-30 հունիս), որի ուսումնական ծրագիրը ներկայացվում էր տարբեր ուսումնական մոդուլների միջոցով՝ դասախոսություններ, սեմինարներ, վերապատրաստումներ, քննարկումները և սոցիալական միջոցառումները: Շաբաթվա ընթացքում տեսական թեմաներից աստիճանաբար անցում էր կատարվում մասնակցային վերապատրաստումների, ինչը թույլ էր տալիս մասնակիցներին գիտելիքներից բացի ձեռք բերել նաև հմտություններ: Դասընթացը ներառում էր ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր բարեվարքության, կոռուպցիայի չափման հիմնական մոտեցումների, հանրային գնումների համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ թեմաներ:

Ծրագրի երկրորդ մասը նախատեսում էր պաշտոնական այցելություններ և հանդիպումներ Լիտվայի Հանրապետության հակակոռուպցիոն մարմինների, պետական և հասարակական հատվածի այլ ներկայացուցիչների հետ, որոնց նպատակը Լիտվայի հակակոռուպցիոն փորձի, հիմնական մարտահրավերների և հաջողության պատմությունների մասին տեղեկատվության փոխանցումն էր մասնակիցներին:

Ծրագիրն իրականացվում էր Բաց կառավարման գործընկերության հետ համագործակցությամբ, որի շահառուն կարող էին դառնալ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պետական և ոչ կառավարական հատվածներում աշխատող երիտասարդ առաջնորդները:

Ծրագրի շրջանակում Հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելել են նաև Լիտվայի Հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայություն՝ փորձի փոխանակման նպատակով: Հանդիպման ընթացքում ներկայացվել են հակակոռուպցիոն մարմինների հիմնական գործառույթները, որից հետո հարցերի միջոցով զուգահեռներ են անցկացվել նաև ՀՀ-ում գործող հակակոռուպցիոն մարմինների, դրանց գործառույթների, ներդրված հակակոռուպցիոն համակարգերի միջև: