ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 19.06-07.07-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

11.07.2023


1.     Հունիսի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)  աշխատակիցները և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի  ներկայացուցիչները «Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով իրազեկման արշավի շրջանակներում հանդիպումներ են ունեցել ուսուցիչների, դասախոսների, ծնողների հետ հետևյալ մարզերում՝

·         Արմավիրի մարզ. հանդիպմանը մասնակցել են 6 դպրոցների և Արմավիրի տարածաշրջանային քոլեջի 25 ներկայացուցիչներ.

·         Արարատի մարզ. հանդիպմանը մասնակցել են 6 դպրոցների և Արարատի Տարածաշրջանային պետական քոլեջի 24  ներկայացուցիչներ:

Ուսուցիչների/դասախոսների և ծնողների թիրախային խումբն ընտրվել էր՝ որպես հակակոռուպցիոն կրթության աջակցման մասնակիցներ, քանի որ առանց նրանց կողմից ստեղծված կոռուպցիայի նկատմամբ «զրո» հանդուրժողականությամբ օժտված միջավայրի Հանձնաժողովի կողմից մշակվող կրթական ծրագրերը աշակերտների և ուսանողների համար կդառնան բացառապես գիտելիք՝ առանց համապատասխան միջավայրի:

Հանդիպման ընթացքում ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ քննարկվել է կոռուպցիայի, դրա պատճառների, դրսևորումների, տիպաբանության,  կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի մասին, ինչպես նաև ներկայացվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ: Հանդիպման ընթացքում մասնակիցները կատարել են խմբային աշխատանք, քննարկել իրավիճակային դեպքեր՝ յուրաքանչյուր առանձին դեպքի համար ներկայացնելով կոռուպցիայի ձևը, տեսակը, տիպաբանությունը, նյութական և ոչ նյութական արժեքը, ծավալվել են քննարկումներ:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցչի կողմից ներկայացվել է «Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունները և կոռուպցիայի գնահատման գործիքները» թեման:

 

2.    2023թ.-ի հունիսի 26-27-ը Համաշխարհային բանկի խումբը  Վաշինգտոնում  հյուրընկալել է  «Հակակոռուպցիան հանուն զարգացման» (AC4D) միջազգային ֆորումը, որն իր շուրջ համախմբել է մոտ 150 գործընկերներ, առաջնորդներ, ինչպես նաև ներկայացուցինչներ տարբեր կառավարություններից, մասնավոր ձեռնկարկություններից, քաղաքացիական հասարակությունից, հիմնադրամներից և այլ միջազգային զարգացման կազմակերպություններից, որոնք աշխատում են հակակոռուպցիոն և բարեվարքության ոլորտում: ֆորումին մասնակցում էր Հաձնաժողովի նախագահ՝ Հայկուհի Հարությունյանը:

Ֆորումի ընթացում, գիտակցելով կոռուպցիայի բարձր սոցիալական և բնապահպանական ծախսերը, Համաշխարհային բանկը վերահաստատել է իր հանձնառությունը հակակոռուպցիան՝ որպես զարգացման առաջնահերթություն, և ձգտում է խթանել գործընկերությունը այլ շահագրգիռ կողմերի հետ, ովքեր աշխատում են ավելի լավ կառավարման և բարեվարքության ուղղությամբ:

 

3.    «Հակակոռուպցիան հանուն զարգացման» (AC4D) միջազգային ֆորումի պանելային քննարկմանը մասնակցել է նաև Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Պանելային քննարկումն անդրադարձել է այն մարտահրավերներին, որ կայուն զարգացմանը հավատարիմ երկրների համար ներկայացնում է պետության զավթումը:

Հայկուհի Հարությունյանն իր խոսքում անդրադարձել է պետության օրինականության հիմքերը խարխլող օլիգարխիկ բրգաձև համակարգին՝ նշելով, որ, որպես հետխորհրդային երկիր, սա այն առաջին ազդակն էր, որ Հայաստանը զգաց. անհատի իշխանություն՝ ընդդեմ օրենքի գերակայության:

Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է, թե ինչպես 2018 թվականին տեղի ունեցած խաղաղ հեղափոխության արդյունքում ձևավորված Կառավարությունը որդեգրեց նոր օրակարգ, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի՝ որոշում կայացնելով քանդելու այս բրգաձև համակարգը: