ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Փողը քաղաքականության մեջ». Տարածաշրջանային կոնֆերանս

13.07.2023


2023 թվականի հուլիսի 6-ին և 7-ին Քիշնևում տեղի է ունեցել «Փողը քաղաքականության մեջ» տարածաշրջանային կոնֆերանսը՝  «Առցանց քարոզարշավի ֆինանսավորում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով, որին մասնակցություն է ունեցել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: 

Կառավարությունների, կուսակցությունների, կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողությունն իրականացնող մարմինների, քաղհասարակության, միջազգային կազմակերպությունների և խոշոր տեխնոլոգիական ընկերությունների գրեթե 100 ներկայացուցիչներ քննարկել են առցանց քարոզարշավի հիմնական միտումները և փոխանակել արժեքավոր տեսակետներ ու փորձ, այդ թվում՝ առցանց քարոզարշավի ֆինանսավորման գործընթացքում բարեվարքության ապահովման անհրաժեշտության վերաբերյալ: 

Առցանց թվային տեխնոլոգիաների աճող դերը սոցիալական և քաղաքական կյանքում, դրանց օգտագործումն ու չարաշահումը քարոզարշավի նպատակներով բացում են և՛ նոր հնարավորություններ, և՛ մարտահրավերներ ընտրական բոլոր շահագրգիռ կողմերի համար: Թեև առցանց քարոզարշավն ունի դրական ազդեցություն ժողովրդավարության ապահովման և ամրապնդման համար, սակայն մյուս կողմից այն հաճախ ուղեկցվում է ապատեղեկատվությամբ, ազդեցության չարաշահմամբ, անանուն բովանդակությամբ, ֆինանսավորման թափանցիկության բացակայությամբ, ուստիև կոնֆերանսի հիմնական նպատակն էր բացահայտել բոլոր այդ մարտահրավերները՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ:

Կոնֆերանսը կազմակերպվել է Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) և Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) համագործակցությամբ: