ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ». ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔՈՒՄ

13.07.2023


 Համաձայն Հայաստանի Հանրապետության 2019-2022 թվականների  հակակոռուպցիոն ռազմավարության Հավելված 1-ի 4-րդ գլխի 127-րդ կետի՝ կարևորելով հակակոռուպցիոն կրթության արմատավորումը դեռևս դպրոցական տարիներից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում դասավանդվում են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող այնպիսի թեմաներ, որոնք ոչ միայն, ըստ էության, հնացած են և չեն արտացոլում Կառավարության որդեգրած մոտեցումները կոռուպցիայի դեմ պայքարում, այլև անհրաժեշտ և բավարար միջոց չեն կոռուպցիայի նկատմամբ կատարյալ անհանդուրժողականության ձևավորման և հակակոռուպցիոն վարքագիծ ուսանելու նպատակի իրագործման, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) շարունակում է իրազեկման արշավները տարբեր մարզերում, ինչը, որպես հետևանք, նպատակ է հետապնդում ստեղծել հանրակրության ոլորտում կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրեր, անհրաժեշտ գրականություն, դասավանդողի ուղեցույցներ և այլ ուսումնաօժանդակ պարագաներ (պաստառներ, խաղեր, տեսանյութեր և այլն):

Հուլիսի 12-ին Հանձնաժողովի «Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով իրազեկման արշավի կանգառը Գեղարքունքի մարզի Գավառ քաղաքն էր:

Հանդիպումը տեղի է ունեցել Գավառի ավագ դպրոցում: Հանդիպմանը ներկա էին 8 դպրոցների  շուրջ  35 ներկայացուցիչներ՝  ուսուցիչներ, ծնողներ, փոխտնօրեններ, տնօրեններ:

Հանդիպման սկզբում Հանձնաժողովի աշխատակիցները և մասնակիցները քննարկել են «Կոռուպցիա» հասկացության, վերջինիս դեմ պայքարելու միջոցների մասին:

Բանախոսները անդրադարձ են կատարել Հանձնաժողովի կառուցվածքին, իրավասության շրջանակներին, գործառույթներին՝ ներկայացնելով Հանձնաժողովի գործունեության ընթացքում կատարված և  ընթացիկ աշխատանքների համառոտ նկարագրությունը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները կատարել են խմբային աշխատանք, քննարկել իրավիճակային դեպքեր՝ յուրաքանչյուր առանձին դեպքի համար ներկայացնելով կոռուպցիայի ձևը, տեսակը, տիպաբանությունը՝ ծավալելով ակտիվ քննարկումներ: Մասնակիցները հանդես են եկել խմբային դերային խաղերի ներկայացմամբ:

Նշենք, որ ծնողների և ուսուցիչների հետ հանդիպման կազմակերպումը հանարվոր էր դարձել ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի օժանդակությամբ: