ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 10.07-14.07-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

17.07.2023


 1.     Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) շարունակում է իրազեկման արշավները տարբեր մարզերում, ինչը, որպես հետևանք, նպատակ է հետապնդում ստեղծել հանրակրության ոլորտում կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրեր, անհրաժեշտ գրականություն, դասավանդողի ուղեցույցներ և այլ ուսումնաօժանդակ պարագաներ (պաստառներ, խաղեր, տեսանյութեր և այլն):

Հուլիսի 12-ին Հանձնաժողովի «Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով իրազեկման արշավի կանգառը Գեղարքունքի մարզի Գավառ քաղաքն էր:
         Հանդիպումը տեղի է ունեցել Գավառի ավագ դպրոցում: Հանդիպմանը ներկա էին 8 դպրոցների շուրջ 35 ներկայացուցիչներ՝ ուսուցիչներ, ծնողներ, փոխտնօրեններ, տնօրեններ:

Հանդիպման սկզբում Հանձնաժողովի աշխատակիցները և մասնակիցները քննարկել են «Կոռուպցիա» հասկացության, վերջինիս դեմ պայքարելու միջոցների մասին:

Բանախոսները անդրադարձ են կատարել Հանձնաժողովի կառուցվածքին, իրավասության շրջանակներին, գործառույթներին՝ ներկայացնելով Հանձնաժողովի գործունեության ընթացքում կատարված և ընթացիկ աշխատանքների համառոտ նկարագրությունը:

 

2.    2023 թվականի հուլիսի 6-ին և 7-ին Քիշնևում տեղի է ունեցել «Փողը քաղաքականության մեջ» տարածաշրջանային կոնֆերանսը՝ «Առցանց քարոզարշավի ֆինանսավորում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով, որին մասնակցություն է ունեցել Հանձնաժողովը:

Կառավարությունների, կուսակցությունների, կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողությունն իրականացնող մարմինների, քաղհասարակության, միջազգային կազմակերպությունների և խոշոր տեխնոլոգիական ընկերությունների գրեթե 100 ներկայացուցիչներ քննարկել են առցանց քարոզարշավի հիմնական միտումները և փոխանակել արժեքավոր տեսակետներ ու փորձ, այդ թվում՝ առցանց քարոզարշավի ֆինանսավորման գործընթացքում բարեվարքության ապահովման անհրաժեշտության վերաբերյալ:

Կոնֆերանսը կազմակերպվել է Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) և Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) համագործակցությամբ:

 

3.    Հուլիսի 12-ին Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները դպրոցի 9-րդ հոսքի վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալվել են Հանձնաժողովում:

Ունկնդիրներին հյուրընկալել է Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ ներկայացնելով Հանձնաժողովի գործառույթները և իրավասությունների շրջանակը:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հարցեր ուղղեցին հայտարարագրերի, ինչպես նաև տարբեր պաշտոնների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ առկա կարգավորումների մասին։

Հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև Ասրյանը ներկայացրեց վարչության գործառույթները՝ կոռուպցիոն ռիսկերի կառավարումը, առկա խնդիրները, ինչպես նաև այն նախաձեռնություններն ու պիլոտային ծրագրերը, որոնք մշակման փուլում են։