ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ». ԹԵՄԱՅՈՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՇԱՎՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

20.07.2023


Հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման, կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունքում կոռուպցիայի աստիճանական նվազեցման և հաղթահարման համար վճռորոշ ելակետային ու հիմնարար 3 ուղղություններից մեկը սահմանվել է հակակոռուպցիոն կրթությունը և իրազեկումը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) իր գաղափարներն ու ռեսուրսները մշտապես ուղղում է նաև սովորողների համար համապատասխան միջավայր ապահովող շրջանակների, այն է՝ ուսուցիչների, ծնողների, դասախոսների մասնագիտական և անձնական զարգացմանը:


Այս համատեքստում 2023 թվականի հունիս և հուլիս ամիսներին Հանձնաժողովը  կոռուպցիայի վերաբերյալ իրազեկման նպատակով հանդիպումներ է իրականացրել
Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում:

Իրազեկման  հանդիպումներին ներգրավվել են ՀՀ մարզերի 26 դպրոցներից և 2 քոլեջներից շուրջ 110 մասնակիցներ՝ ծնողներ, մանկավարժներ, դասախոսներ, փոխտնօրեններ և տնօրեններ:

Հակակոռուպցիոն իրազեկման հանդիպումների նպատակն էր մասնակիցներին տրամադրել հետևյալ ուղղություններով գիտելիքներ (տեղեկատվություն)`

  • Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգը և դրանցից յուրաքանչյուրի իրավասությունները/ գործառույթները, Հակակոռուպցիոն քաղաքականության իրականացվող ծրագրերը.
  • Հանձնաժողովի դերը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում, Հանձնաժողովի կառուցվածքը, Հանձնաժողովի իրավասության շրջանակները և գործառույթները, Հանձնաժողովի գործունեության ընթացքում Կատարված և  ընթացիկ աշխատանքների համառոտի նկարագրություն.
  • Կրթության դերը կոռուպցիայի կանխարգելման գործում.
  • Հանձնաժողովի գործառույթների համատեքստում բարեվարքության ստուգման նպատակը, խնդիրները և  գործընթացը.
  • Հայտարարագրման համակարգը, հայտարարագրերի ժամկետները և տեսակները,  հայտարարագրման գործընթացի կանոնակարգման, հայտարարագրերի ստուգման  ու վերլուծման աշխատանքները.
  • Հանձնաժողովում, Հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները,  նպատակը, կիրառման անհրաժեշտությունը։ Բարեվարքության կազմակերպիչների ինստիտուտը,  նպատակը, կազմակերպիչների դերը  և ակնկալիքները։


Հանդիպումների ընթացքում մասնակիցները կատարել են խմբային աշխատանքներ, քննարկել իրավիճակային դեպքեր՝ յուրաքանչյուր առանձին դեպքի համար ներկայացնելով կոռուպցիայի ձևը, տեսակը, տիպաբանությունը, նյութական և ոչ նյութական արժեքը, ծավալվել են ակտիվ քննարկումներ:


Հանդիպումների ընթացում, գնահատման թերթիկների վերլուծության հիման վրա, հավաքագրվել են մասնակիցների կողմից բարձրաձայնված առաջարկներ, ինչպիսիք են՝


  • Նմանատիպ հանդիպումների հաճախակի կազակերպումը և  կոռուպցիայի կանխարգելմանը նվիրված սոցիալական հոլովակների նկարահանումները.
  • Իրազեկման արշավների առավել ընդգրկուն շրջանակի ապահովումը.
  • Ոսուցիչների համար մեթոդական գրականության ապահովումը.
  • Դպրոցներում և մանկապարտեզներում համապատասխան մակարդակի դասերի անցկացումը և այլն:


Հանդիպումների  ընթացքում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցչի կողմից ներկայացվել է «Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունները և կոռուպցիայի գնահատման գործիքները» թեման:

Ընդծելով
հակակոռուպցիոն կրթության իրականացման գործում ուսուցիչների, ծնողների, դասախոսների կարևորությունն ու առաջնորդումը, Հանձնաժողովի կողմից նմանատիպ իրազեկման արշավները կրելու են շարունակական բնույթ: