ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանրային քննարկում. «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

25.08.2023


Օգոստոսի 23-ին և 24-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակիցները մասնակցել են «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են քաղհասարակության և շահագրգիռ պետական մարմինների շուրջ 40 ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում Հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից, մասնավորապես, անդրադարձ է կատարվել իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննության ինստիտուտի ներդրմանը, ինչի առնչությամբ առաջարկվել է «իրավական ակտերի հակակոռուպցիոն ազդեցության գնահատում» եզրույթի փոխարեն օգտագործել «իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն» հասկացությունը, քանի որ վերջիններս նույնական չեն և շփություն են առաջացնում նաև այդ գործառույթի իրականացման համար լիազոր մարմնի հստակեցման համատեքստում: Քննարկման արդյունքում որոշվել է նախագծում օգտագործել «իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն» եզրույթը՝ որպես իրավական ակտերում և դրանց նախագծերում կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործիք:

          Արձանագրվել է, որ նախագծում անդրադարձ չի կատարվել Հանձնաժողովի սահմանադրական կարգավիճակի ամրագրմանը, քաղծառայության համակարգի ներքո գործունեության ծավալման ռիսկերին, Հանձնաժողովի անդամների անհատական հաշվետվողականության մեխանիզմներին, նրանց նշանակման կարգին, ինչպես նաև Հանձնաժողովի ղեկավար կազմի և անձնակազմի վարձատրության և սոցիալական երաշխիքներին։ Որոշվել է, որ այս հարցերը քննարկման առարկա կդառնան Հանձնաժողովի գրավոր առաջարկներն ուսումնասիրելու փուլում:

 «Գործարար բարեվարքություն, գործարար իրավունքների պաշտպանություն և պետություն-գործարար վարչարարության դյուրացում» ռազմավարական նպատակի շրջանակում Հանձնաժողովի կողմից անդրադարձ է կատարվել նաև պետական մասնակցությամբ կազմակերպություններում բարեվարքության համակարգի և կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրմանը, ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի լրամշակմանը, գործարար ոլորտում բարեվարքության մշակույթի ձևավորմանը և ամրապնդմանն առնչվող հարցերին:

Հանրային քննարկման ընթացքում նշվել է, որ ռազմավարության բարեվարքության համակարգին վերաբերելի հատվածում անդրադարձ չի կատարվել հետևյալ խնդիրներին և շետադրվել է դրանց՝ ռազմավարությունում արտացոլման անհրաժեշտությունը՝

1 անհամատեղելիության պահանջների կառուցակարգերի կատարելագործում, որի համատեքստում կարևորվել է հավատարմագրային կառավարման ինստիտուտի, այլ վճարովի աշխատանքի և գործնականում անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով պաշտոնից ազատման արդյունքում որոշակի ժամկետում մեկ այլ պաշտոն զբաղեցնելու արգելքի սահմանման անհրաժեշտությունը.

2 պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում բարեվարքության համակարգի կարևորագույն տարրերից վարքագծի կանոնների ներդրման, կիրարկման և հսկողության իրականացման մեխանիզմների միասնական կառուցակարգերի ապահովում.

3 հանրային պաշտոն զբաղեցնող աձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում նվերներ ընդունելու սահմանափակումների կառուցակարգերի կատարելագործում: Նշվել է, որ նվերների ընդունման սահամանփակումներում կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում անհարժեշտ է մշակել  ենթաօրենսդրական մի շարք ակտեր, որոնց վերջնաժամկետ սահմանվել է 2023 թվականի ավարտը, սակայն Օրենքի վերլուծությունը ցույց է տվել, որ առկա են որոշ բացեր, որոնց լուծման համար անհրաժեշտ են նվեր ընդունելու սահմանափակումներում իրականացնել որոշակի լրամշակումներ, ինչից հետո միայն հնարավոր կլինի մշակել վերոնշյալ ակտերը.

4 պաշտոնավարումից հետո տարածվող հետաշխատանքային սահմանփակումների կարգավորումների կատարելագործում: Նշվել է, որ  դրանց  խախտման առնչությամբ, թեև «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված է կարգապահական պատասխանատվություն, սակայն, այն գործնականում կիրառելի չէ: Հետևաբար, անհրաժեշտ է ուսումնասիրել  այլ սահամնափակումների վերաբերյալ միջազգային փորձը և ներմուծել գործուն կառուցակարգեր:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայտարարագրման համակարգի վերանայմանը, այդ թվում՝ հայտարարատուների շրջանակ և հայտարարագրման ենթակա տվյալներ, հայտարարագրման էլեկտրոնային համակարգի կատարելագործմանը, տվյալի ստացման, մշակման և օգտագործման վերաբերյալ պետության քաղաքականությանը, համընդհանուր հայտարարագրման շրջանակներում եկամուտների հայտարարագրմանն ու փոխգործելիության ապահովմանը, ինչպես նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության վերահսկողության և կուսակցությունների հայտարարատուների վերաբերյալ հարցադրումներին:

«Կոռուպցիայի կանխարգելում» բաժնի գործողություն 12-ի «Բարելավել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացակարգերը և սահմանել դրանց առանձնահատկությունները» ուղղության մեջ բացակայում են հայտարարագրման ստուգման գործընթացի մանրամասների վերաբերյալ կարգավորումները՝ ստուգման հասկացությունը, հիմքերը, ժամկետները, ստուգումների իրականացման կարգը և պայմանները։ Ստուգման հիմքերը գործող օրենսդրությամբ սահմանված են, և դրանց հիման վրա է Հանձնաժողովն իրականացրել ստուգումները, այլ է հարցը, որ առկա է անհստակություն ստուգման և վերլուծության միջև, որի պայմաններում տարանջատված չեն ստուգման հիմքերը, մեթոդաբանությունը, ստուգման նպատակը։ Վերոնշյալը Հանձնաժողովի կողմից ներկայացվել է օրենսդրական փաթեթի շրջանակներում ԱՆ ուղղված գրությամբ։

Նշվածի համատեքստում «Բարելավել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացակարգերը և սահմանել դրանց առանձնահատկությունները» ուղղության մեջ նպատակահարմար չէ զետեղել նշված միտքը, քանի որ ստուգման և վերլուծության գործընթացները չեն հանդիսանում վարույթի մաս, դրանք նախորդում են բուն վարույթի գործընթացին, ուստի անհրաժեշտ է այն զետեղել մեկ այլ՝ հայտարարագրման գործընթացի կանոնակարգմանը վերաբերող բաժնում։

          Հանձնաժողովի կողմից անդրադարձ է կատարվել Նախագծի N 1 հավելվածով նշված այն ինստիտուտին, որ անհրաժեշտ է օրենսդրորեն նախատեսել ազդարարման հիման վրա հարուցված վարույթի արդյունքում ընդունվող ակտերին ներկայացվող հիմնական պահանջները։ Նշվածի համատեքստում նշվել է, որ Հանձնաժողովը իրավասու է քննել և լուծել անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման հետ կապված դիմումներ և իրականացնել վարույթներ, իսկ մյուս դեպքում ՝ իրականացնել հայտարարագրման հետ կապված խախտումների դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներ։ Եվ նշված վարույթները միմյանցից տարբերվում են տեսակներով, ժամկետներով, և արդյունքում կայացված վարչական ակտերի բնույթով։ Այս համատեքստում «Ազդարարման համակարգի մասին» օրենքի համաձայն՝ ազդարարման վարույթի ժամկետը 30 օր է, իսկ արդյունքում ընդունվում է «համապատասխան ակտ»։ Հանձնաժողովի համար անհասկանալի է՝ օրենսդիրը «համապատասխան ակտ»  նշելով կոնկրետ ինչ է նկատի ունեցել, կամ ո՞ր օրենքով նախատեսված համապատասխան ակտի մասին է խոսքը, արդյո՞ք «համապատասխան ակտ» եզրույթը նույնական է Հանձնաժողովի կողմից ընդունվող եզրակացության հետ։ Այսպիսով, արդիական է ազդարարման վարույթի և Հանձնաժողովի կողմից իրականացվող այլ առանձնահատուկ վարույթների իրականացման ընթացակարգերի, ներառյալ՝ դրանց արդյունքում ընդունվող վարչական ակտին ներկայացվող պահանջների, միասնականության քննարկման հարցը։

          Հակակոռուպցիոն ռազմավարության շուրջ քննարկման ընթացքում վերստին ներկայացվեին նախարարությանը գրավոր եղանակով ներկայացված բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության ինստիտուտի վերաբերյալ դիտարկումները, որոնց առնչությամբ նույնպես եղան քննարկումներ և հնչեցվեցին առաջարկներ։ Մասնավորապես՝

·  նախագծով  առաջարկվում է ներդնել ապակենտրոնացված բարեվարքության ստուգման իրականացման գործընթաց պետական մարմիններում, ՏԻՄ-երում և պետական մասնակցությամբ ընկերություններում։ Նշվածի առնչությամբ նշվեց, որ նախատեսվող կարգավորումը կխաթարի բարեվարքության ուսումնասիրության համակարգի էությունը, այն է՝ անկախ, ինքնավար և համապատասխան լիազորություններով և երաշխիքներով օժտված մարմնի կողմից իրականացումը, նաև հավելվեց, որ արդյունավետության տեսակետից նույնպես նպատակահարմար չէ անձնական տվյալների հավաքագրման և մշակման նման լայն գործիքակազմ նախատեսող լիազորությունների վերապահումը մի շարք մարմինների։

·         բարեվարքության ուսումնասիրության առկա գործիքակազմի ընդլայնման հնարավորությունը.

          Բարեվարքության ուսումնասիրության առկա գործիքակազմը որոշակի  դեպքերում ամբողջությամբ հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել և վերջնական գնահատական ձևավորել թեկնածուների բարեվարքության վերաբերյալ, ինչն էլ գնահատող մարմնի համար նշանակման գործընթացում որոշակի խոչընդոտներ է առաջացնում։ Վերջնական գնահատական ձևավորելու հարցում Հանձնաժողովի համար մեծամասամբ խոչընդոտ են հանդիսանում թեկնածուների հետ համատեղ բնակվող ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ և թեկնածուների կողմից փաստացի տիրապետվող գույքերի, իրականացվող գյուղատնտեսական գործունեության և դրանից ստացվող փաստացի եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունների արժանահավատության փաստացի ստուգման գործիքակազմի անարդյունավետ կիրառելիությունը, ինչպես նաև բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման օրենսդրական հիմքերի բացակայությունը:

          Նախագծի «Հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում» բաժնի վերաբերյալ քննարկում է ծավալվել ուսուցիչների վերապատրաստումների անհրաժեշտության, ոչ ֆորմալ կրթության և իրազեկման շրջանակներում դպրոցներում ակումբների, լաբերի, բուհերում՝ հակակոռուպցիոն կենտրոնների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ:

          Հանձնաժողովի ներկայացուցիչները կիսվել են իրենց՝ վերոգրյալ գործողությունների վերաբերյալ ձեռք բերած փորձառությամբ՝ նշելով, որ ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում Հանձնաժողովը սկսել է մանկավարժների վերապատրաստումներ երեք հիմնական ուղղություններով՝

·         հասարակագիտության ուսուցիչների վերապատրաստումներ.

·         այլ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումներ.

·         կրթության կառավարիչների վերապատրաստումներ (դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ):

Նշվածի համատեքստում վեր է հանվել այն խնդիրը, որ անհրաժեշտություն է առաջացել, որ նշված վերապատրաստումներն անցած ուսուցիչները ստանան համապատասխան կրեդիտներ:

Նշվել է, որ Հանձնաժողովի կողմից մեկնարկել է դպրոցականների համար մշակված ոչ ֆորմալ կրթության ծրագրեր, այդ թվում՝ ժողովրդավարության անգլալեզու ճամբարներում հակակոռուպցիոն բաղադրիչի անցկացում:

Անդրադարձ է կատարվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով Հանձնաժողովին վերապահված՝ հակակոռուպցիոն կրթական ծրագրեր մշակելու գործառույթի իրագործման հետ կապված խնդիրներին:

Քննարկվել է կրթական տարբեր աստիճաններում հակակոռուպցիոն ոլորտի բազային գիտելիքներին տիրապետելու պահանջ ամրագրելու, հակակոռուպցիոն կրթության ոլորտի միասնական իրավակարգավորումներ սահմանելու անհրաժեշտությունը, և այն հիմքերը, համաձայն որոնց Նախագծում նշված գործողության կատարող է սահմանվել Հանձնաժողովը:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները նշել են, որ նախագծում ներառելու նպատակով քննարկման առարկա են դարձնելու նաև Հանձնաժողովի կողմից ներկայացված առանձին փաստաթղթի դրույթները:

Վերոնշյալի կետերի վերաբերյալ ձեռք է բերվել համատեղ  քննարկում ունենալու և, ըստ այդմ, նախագիծը լրամշակելու պայմանավորվածություն: 

Հանձնաժողովի՝ ԱՆ ներկայացրած փաստաթուղթը ներկայացված է հղումով: