ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրվել է քաղաքական կուսակցությունների ֆինանսական վերահսկողության մանդատ. Հայկուհի Հարությունյան

06.09.2023


            Սեպտեմբերի 6-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի ունեցած «Բաց կառավարման գործընկերության» (OGP) գլոբալ գագաթնաժողովի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձմաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահ Հայկուհի Հարությունյանը անդրադարձել է քաղաքական դերակատարներին պատասխանատվության ենթարկելու համար քաղաքական ֆինանսական վերահսկողության համակարգին. «Քաղաքական դերակատարներին պատասխանատվության ենթարկելու համար քաղաքական ֆինանսական վերահսկողության արդյունավետ համակարգը պետք է համատեղի երկու կարևոր առանձնահատկություններ՝ ամուր իրավական դաշտ և իրականացման մեխանիզմներ:»:

Հայկուհի Հարությունյանը նշել է, որ 2021 թվականին փոփոխվել է ազգային օրենսդրությունը՝ Քաղաքական ֆինանսական թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու և Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի որոշ առաջարկություններին անդրադառնալու նպատակով:

«Իրավական դաշտը բաղկացած է «Կուսակցությունների մասին» (սահմանադրական) օրենքից, «Ընտրական օրենսգրքից» (ԸՕ), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքից, «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգիքից և Քրեական օրենսգիրքը։ Քարոզարշավի ֆինանսավորումը կարգավորվում է Ընտրական օրենսգրքով, մինչդեռ կուսակցությունների ֆինանսավորումը կարգավորում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով: Կուսակցությունների մասին օրենքում կատարված հիմնական փոփոխությունները վերաբերում են հանրային աջակցության խնդրին՝ կուսակցությունների ֆինանսավորմանը և նվիրատվություններին:

Ներդրվել է պետական ֆինանսավորման տարբերակը՝ «աջակցելու հանրային որոշակի աջակցություն և եկամտի այլ էական աղբյուրներ չունեցող կուսակցությունների կենսունակությանը և անկախությանը»։ Այս նպատակին համահունչ՝ պետությունից գումար իրավունք ունեն ստանալ այն կուսակցությունները, որոնց ընտրական ցուցակը վերջին Ազգային ժողովի ընտրություններում ստացել է ձայների առնվազն երկու տոկոսը:»։

Հ. Հարությունյանն անդրադարձել է  նվիրատվությունների վերաբերյալ օրենքի փոփոխությանը, վերահսկողական մեխանիզմներին, նշելով, որ «(...) Հանձնաժողովին, որը ստեղծվել է 2019 թվականի նոյեմբերի վերջին, տրվել է քաղաքական կուսակցությունների ֆինանսական վերահսկողության մանդատ։

Հանձնաժողովը պետք է որոշի, թե արդյոք պետական միջոցները ճիշտ են օգտագործվել. եթե դրանք այդպես չեն օգտագործվել, կուսակցության նպատակային ֆինանսավորման չափը ամբողջությամբ կամ մասնակիորեն կպահվի։

Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ Հանձնաժողովը սկսել է թվայնացման ծրագիր, որի նպատակն է հեշտացնել պետական պաշտոնյաներին հաշվետու դարձնելը։ Մասնավորապես, Հանձնաժողովը որոշել է մշակել նոր էլեկտրոնային հարթակ՝ հավաքելու, պահելու և վերլուծելու պետական պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը:

Այս էլեկտրոնային հարթակը ներառում է նաև քաղաքական կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաև ղեկավար մարմինների անդամների հայտարարագրերը։ Այն ավտոմատ կերպով ինտեգրում է այլ պետական գերատեսչությունների տվյալները և կիրառում է տարբեր ավտոմատացված գործառույթներ՝ հայտարարատուների, ինչպես նաև տեղեկատվություն փնտրողների համար հարթակն ավելի պարզ դարձնելու համար:»:

Հ. Հարությունյանը անդրադարձել է մարտահրավերներին, ինչպես նաև  Հանձնաժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջև վերահսկողության բաժանմանը: