ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակներում բաց միջկառավարական փորձագիտական հանդիպում

07.09.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մասնակցել է ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի (UNODC) գրասենյակի քարտուղարության կողմից կազմակերպված Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների կոնֆերանսի Կիրարկման վերանայման (Implementation Review Group, IRG), Ակտիվների վերադարձի (Asset recovery) և Միջազգային համագործակցության (International cooperation) աշխատանքային խմբերի հանդիպումներին և միջազգային համագործակցության ընդլայնման նպատակով ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակներում բաց միջկառավարական փորձագիտական հանդիպման 2023 թվականի սեպտեմբերի 6-ի նստաշրջանին հանդես է եկել ելույթով:

Կարեն Հակոբյանն իր խոսքում ընդգծել է ակտիվների վերականգնման աշխատանքային խմբի կարևոր դերը և հավաստել Հայաստանի լիակատար հանձնառությունը կոռուպցիայի կանխարգելման գործում՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի համաձայն

(…) «Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի կառավարության գլխավոր առաջնահերթություններից է, քանի որ մենք համոզված ենք, որ կոռուպցիան խաթարում է սոցիալական արդարության հիմնարար սկզբունքները՝ այդպիսով սպառնալով հասարակության համախմբվածությանը։ Հայաստանն արդեն հասել է իրագործելի արդյունքների՝ Հայաստանի համար 2-րդ վերանայման ցիկլի արդյունքների վերաբերյալ Գործադիր ամփոփագրի և՛ կանխարգելիչ, և՛ ակտիվների վերականգնման գլուխներին վերաբերող առաջարկությունների իրականացման հարցում:

(…) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսանկյունից հաջողված կոռուպցիայի կանխարգելումը իրենից ենթադրելու է նորարարական այն բոլոր գործիքակազմերի և մեխանիզմների օգտագործումը, որոնք հնարավոր կդարձնեն չեզոքացնելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը հենց ծագման վայրում:

(…) Մենք խորապես հավատում ենք, որ Հայաստանի առաջընթացն ու ջանքերը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռումպացված դերակատարներին պատասխանատվության ենթարկելուն, կապահովեն տնտեսական զարգացումը, անվտանգությունը և կայունությունը ոչ միայն երկրի ներսում, այլև տարածաշրջանում։»

Կարեն Հակոբյանն իր խոսքում ներկայացրել է հայտարարագրման էլեկտրոնային համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ գործիք, հայտարարագրերի լրացման և ներկայացման ավտոմատացումը, փոխգործելիության ապահովումը հայտարարագրերի և պետական մարմինների շտեմարանների հետ, հայտարարատուներին աջակցության տրամադրման գործընթացը, հայտարարագրերի հրապարակային հասանելիությունը: Անդրադարձ է կատարվել թվային տեխնոլոգիաների ինտեգրման և հատուկ մշակված ալգորիթմների կիրառման արդյունքում արհեստական բանականության միջոցով ինչպես հայտարարագրման, այնպես էլ հայտարարագրերի վերլուծության գործընթացը մարդկային գործոնով պայմանավորված ընտրողական մոտեցումներից զերծ պահելու և մեխանիկական աշխատանքները առավելագույնս կրճատելու հնարավորություններին:

Ելույթի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=fu7fUQW8Z7A