ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բաց կառավարման գործընկերության (OGP) գլոբալ գագաթնաժողով

08.09.2023


Սեպտեմբերի 6-7-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի է ունեցել  «Բաց կառավարման գործընկերության» (OGP) գլոբալ գագաթնաժողովը: Վերջինս կենտրոնացած է եղել թափանցիկ կառավարման համար տեխնոլոգիաների կիրառման, հաշվետվողականության և ժողովրդավարության ապահովման վրա, ինչպես նաև քննարկումների, համագործակցության և գործողությունների ներգրավման միջոցով թվային դարաշրջանում խթանելու բաց և ճկուն ժողովրդավարությանը: Այն իր շուրջն է համախմբել մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և շուրջ 130 երկրների քաղաքականություն մշակողների: Գագաթնաժողովին մասնակցում էր նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

        
Գագաթնաժողովի ընթացքում Հայկուհի Հարությունյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության փորձին, թե ինչպես անկախ պետական ժողովրդավարական ինստիտուտները կարող են խթանել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը անհատական և ինստիտուցիոնալ մակարդակում: Անհատական մակարդակում` որպես թափանցիկության և հաշվետվողականության ապահովում, նա անդրադարձել է հանրային ծառայողների բարեվարքությանը ոչ միայն պաշտոնային պարտականությունները կատարելիս, այլև՝ անձնական կյանքում:

         
Նա, մասնավորապես, նշել է, որ  «(...) Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, անկախ պետական ​​մարմին է, որը մշակում և իրականացնում է երկրի կոռուպցիայի կանխարգելման քաղաքականությունը։
        
Վերջին երեք տարիների աշխատանքի հիմնական ձեռքբերումները տեղական և միջազգային մակարդակով ճանաչվում են որպես արդյունավետ մեխանիզմներ՝ խթանելու երկրների հակակոռուպցիոն ջանքերը:

Հանձնաժողովի կողմից մշակվել է Էլեկտրոնային հարթակ, որն օգնում է հավաքագրել, պահել և վերլուծել պետական ​​պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը: Էլեկտրոնային հարթակը հիմնված է և օգտագործում է ալգորիթմական գործիք՝ արհեստական ​​բանականության/մեքենայական ուսուցման (AI/ML) հնարավորություններով՝ հազարավոր էլեկտրոնային հայտարարագրերը վերլուծելու, տվյալները խաչաձև եղանակով այլ պետական տվյալների բազաների հետ համեմատելու և կարմիր դրոշներ գտնելու համար: Այս նախաձեռնությունը օրինակ է այն ներուժի, որ ունեն տվյալների հավաքագրման և մշակման նոր թվային համակարգերը՝ կառավարության հաշվետվողականությունն ուժեղացնելու համար:

(...) Հանձնաժողովը մշակել է բարեվարքության ստուգման հատուկ մեթոդաբանություն, որն առաջին անգամ է իրականացվում երկրում և ճանաչվել է վետինգի արդյունավետ մեխանիզմ։»:

Այս տեսանկյունից Հայկուհի Հարությունյանը ընդգծել է ինստիտուցիոնալ մակարդակում թափանցիկության և հաշվետվողականության ապահովման կարևորությունը, երբ բարեվարքության ստուգման են ենթարկվում ոչ միայն այն անձինք, ովքեր նոր են պատրաստվում պաշտոնի անցնել, այլև առաջխաղացման ներկայացված պաշտոնյաները: Մասնավորապես, դատավորները, դատախազները և այլոք ևս դառնում են հաշվետու:

Հ. Հարությունյանն անդրադարձել է հանրային ծառայողների նվերներ ընդունելու սահմանափակումներին՝ նշելով, որ էլեկտրոնային բոլոր հարթակները ստեղծվում են՝ խուսափելու շահերի բախումից, հաշվետու դարձնելու, օրինակ, քաղաքական կուսակցություններին՝ ֆինանսական նվիրատվությունների և մուտքերի մասով:

«(…) Այս բոլոր համակարգերը թույլ են տալիս ոչ միայն հասարակությանը, այլև հասարկական կազմակերպություններին, լրատվական դաշտին իրականացնել իրենց սեփական բացահայտումները:

Պետական ​​ձեռնարկություններում և մասնավոր հատվածում կոռուպցիայի կանխարգելման նպատակով Հանձնաժողովը մշակել է կոռուպցիոն ռիսկերի մեթոդաբանություն և անցել դրա իրականացմանը, որի արդյունքներով Հարությունյանը խոստացավ կիսվել առաջիկայում:

Ելույթի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=X-JeWTaR0c0