ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 28.08-08.09-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

12.09.2023


1.       Հանձնաժողովի մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները օգոստոսի 29-ին մասնակցել են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կազմակերպված՝ Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի հանրային քննարկմանը:

Քննարկմանը ելույթով հանդես է եկել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև Ասրյանը։ Նա նշեց, որ Հանձնաժողովը իր առաջարկ նախագիծն է մշակել ու ներկայացրել նախարարությանը, ինչպես նաև խնդրել է այն շրջանառել աշխատանքային խմբի կազմում։

2.  Սեպտեմբերի 6-7-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի է ունեցել  «Բաց կառավարման գործընկերության» (OGP) գլոբալ գագաթնաժողովը: Վերջինս կենտրոնացած է եղել թափանցիկ կառավարման համար տեխնոլոգիաների կիրառման, հաշվետվողականության և ժողովրդավարության ապահովման վրա, ինչպես նաև քննարկումների, համագործակցության և գործողությունների ներգրավման միջոցով թվային դարաշրջանում խթանելու բաց և ճկուն ժողովրդավարությանը: Այն իր շուրջն է համախմբել մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և շուրջ 130 երկրների քաղաքականություն մշակողների: Գագաթնաժողովին մասնակցում էր նաև Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: 

Գագաթնաժողովի ընթացքում Հայկուհի Հարությունյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության փորձին, թե ինչպես անկախ պետական ժողովրդավարական ինստիտուտները կարող են խթանել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը անհատական և ինստիտուցիոնալ մակարդակում: Անհատական մակարդակում` որպես թափանցիկության և հաշվետվողականության ապահովում, նա անդրադարձել է հանրային ծառայողների բարեվարքությանը ոչ միայն պաշտոնային պարտականությունները կատարելիս, այլև՝ անձնական կյանքում:

3.      Հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մասնակցել է ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի (UNODC) գրասենյակի քարտուղարության կողմից կազմակերպված Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների կոնֆերանսի Կիրարկման վերանայման (Implementation Review Group, IRG), Ակտիվների վերադարձի (Asset recovery) և Միջազգային համագործակցության (International cooperation) աշխատանքային խմբերի հանդիպումներին և միջազգային համագործակցության ընդլայնման նպատակով ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակներում բաց միջկառավարական փորձագիտական հանդիպման 2023 թվականի սեպտեմբերի 6-ի նստաշրջանին հանդես է եկել ելույթով:  

Կարեն Հակոբյանն իր խոսքում ընդգծել է ակտիվների վերականգնման աշխատանքային խմբի կարևոր դերը և հավաստել Հայաստանի լիակատար հանձնառությունը կոռուպցիայի կանխարգելման գործում՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի համաձայն

4.    Սեպտեմբերի 6-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի ունեցած «Բաց կառավարման գործընկերության» (OGP) գլոբալ գագաթնաժողովի ընթացքում Հանձմաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը անդրադարձել է քաղաքական դերակատարներին պատասխանատվության ենթարկելու համար քաղաքական ֆինանսական վերահսկողության համակարգին. «Քաղաքական դերակատարներին պատասխանատվության ենթարկելու համար քաղաքական ֆինանսական վերահսկողության արդյունավետ համակարգը պետք է համատեղի երկու կարևոր առանձնահատկություններ՝ ամուր իրավական դաշտ և իրականացման մեխանիզմներ»: 

Հայկուհի Հարությունյանը նշել է, որ 2021 թվականին փոփոխվել է ազգային օրենսդրությունը՝ Քաղաքական ֆինանսական թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու և Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի որոշ առաջարկություններին անդրադառնալու նպատակով:

5.    «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել 1.4 ենթաբաղադրիչի հերթական հանդիպումները: 1.4 ենթաբաղադրիչը ենթադրում է Հանրային ծառայության համակարգում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների շրջանում բարեվարքության համակարգի վերաբերյալ մասնագիտական զարգացման համակարգի ստեղծում և բարեվարքության վերապատրաստման ծրագրերի նյութերի մշակում, հաստատում և հրապարակում: 

Նշված բաղադրիչի շրջանակներում սեպտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովում տեղի է ունեցել հերթական հանդիպումները, որին մասնակցում էին Հանձնաժողովի 12 աշխատակիցներ:

Սույն առաքելության նպատակն էր վերապատրաստողների վերապատրաստման (ToT) հերթական դասընթացի իրականացումն ու ամփոփումը, որը ուղղված էր զարգացնելու Հանձնաժողովի աշխատակիցների կարողությունները՝ տրամադրելով համապատասխան գործիքակազմ, որով Հանձնաժողովի անդամներիը կառաջնորդվեն վերապատրաստումներ և հանրային իրազեկման արշավներ իրականացնելիս:

6.       Սեպտեմբերի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովում տեղի է ունեցել ԵՄ Թվինինգ ծրագրի 2.1 ենթաբաղադրիչի շրջանակներում հանդիպում/քննարկումներ Հանձնաժողովի աշխատակիցների և ենթաբաղադրիչի փորձագետներ՝ Դետլեֆ Կրոյցերի և Կլաուս Ֆելդգենի հետ:

Հաղորդակցության ռազմավարության իրականացումն ուղղված է Հանձնաժողովի իրազեկվածության բարձրացմանը, թափանցիկության խթանմանը և կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացմանը՝ փոխելու կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունքն ու արժեքները: Հանձնաժողովը ձգտում է ձևավորել հանրային վստահություն և ամրապնդել իր հաշվետվողականությունը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարում: