ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիոն ռիսկերի կառավարումը պետական մասնակցությամբ կազմակերպություններում․ վերապատրաստում Հանձնաժողովի աշխատակիցների համար

22.09.2023


Սեպտեմբերի 18-ից 22-ը ԵՄ թվինինգ ծրագրի շրջանակում Հանձնաժողովի աշխատակիցների համար կազմակերպվել էր վերապատրաստում պետական մասնակցությամբ կազմակերպություններում բարեվարքության համակարգի և կոռուպցիոն ռիսկերի կառավարման վերաբերյալ՝ տեսական և գործնական դասընթացների զուգակցմամբ:

Տեսական մասում վերապատրաստման մասնակիցներին ներկայացվել են՝

§  պետական մասնակցությամբ կազմակերպություններում կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության ապահովման և կոռուպցիոն ռիսկերի կառավարման միջազգային շրջանակը (Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիա (UNCAC), ՏՀԶԿ-ի սկզբունքներ, G20-ի բարձր մակարդակի սկզբունքները (HLP))

§  ներպետական կարգավորումները և նոր հակակոռուպցիոն ռազմավարության նախագծվող շրջանակում ներկայացված առաջարկները

§  պետական մասնակցությամբ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի կառավարման մեթոդաբանության հիմնական գծերը:

Վերապատրաստման երկրորդ մասը ենթադրում էր մեթոդաբանությանը կից մշակված ռիսկերի մատրիքսի միջոցով կոռուպցիոն ռիսկերի գնահատում՝ որպես օրինակ դիտարկելով Հանձնաժողովի մասնագիտական ստորաբաժանումների գործառույթները: Գնահատման արդյունքների հիման վրա մասնակիցների կողմից մշակվել է գործողությունների պլան՝ ռիսկերի մեղմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների, դրանց իրականացման պատասխանատու անձանց և ժամկետների նախատեսմամբ:

Ծրագրի շրջանակում վերապատրաստված մասնակիցները հետագայում հանդես են գալու որպես վերապատրաստողներ պետական մասնակցությամբ կազմակերպություններում վերապատրաստումների կազմակերպման համար: