ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

12.10.2023


        Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ (այսուհետ՝ Հանձնաժողով) հոկտեմբերի 10-ից 12-ը կազմակերպել էր եռօրյա աշխատաժողով  ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի շրջանակներում՝ «Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով: 1.2 ենթաբաղադրիչի նպատակն է ստեղծել հանրակրթության ոլորտում կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրեր, անհրաժեշտ գրականություն, դասավանդողի ուղեցույցներ և այլ օժանդակ պարագաներ:

Աշխատաժողովի առաջին օրը նվիրված էր նախորդ առաքելությունների ընթացքում վերապատրաստում անցած կրթության կազմակերպիչներին և մյուս առարկաների ուսուցիչներին մեթոդաբանության տրամադրմանը: Մասնակիցները նախ ծանոթացել են դասավանդման մի շարք մեթոդական մոտեցումների, կոռուպցիայի սահմանումների և տիպաբանությունների, ինչպես նաև կոռուպցիայի առաջացման պատճառների հետ՝ մատնանշելով, թե որքան կարևոր են ժողովրդավարությունը, քաղաքացիական իրավունքները, բաց մամուլը, և կրթությունը կոռուպցիան կանխարգելելու համար:

Քննարկումների ընթացքում մասնակիցները գնահատել են, թե ինչը կարող է հանգեցնել քաղաքականության և պետության հանդեպ վստահության կորստին, ինչպես նաև դիտել են տեսանյութ կոռուպցիայի դրամական ծախսերի վերաբերյալ՝ կատարելով խմբային առաջադրանքներ:

Աշխատաժողովի երկրորդ հատվածը նվիրված էր հասարակագիտության ուսուցիչների համար հակակոռուպցիոն կրթության ընդհանուր վերապատրաստմանը, որի ընթացքում փորձագետները ներկայացրել են մի շարք թեմաներ՝ կոռուպցիայի սահմանումների և տիպաբանությունների, տեսակների,  պատճառների, կոռուպցիայի ընկալման ինդեքսի, կոռուպցիային նպաստող պատճառների վերլուծության վերաբերյալ, ծավալվել են ակտիվ քննարկումներ կոռուպցիայի ղեկավար-գործակալ-հաճախորդ մոդելի շուրջ: Մասնակիցները բեմադրել են դերային խաղեր, կատարել խմբային առաջադրանքներ և իրենց գործնական աշխատանքները ներկայացրել են «Թանգարան» և մի շարք այլ մեթոդների կիրառությամբ:

Հանդիպումները անց են կացրել միջազգային փորձագետներ Սվեն Իվենսը և Թորստեն Փիթերսը: Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր: