ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական հատվածում». Ուսումնական այց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

20.10.2023


Սույն թվականի հոկտեմբերի 15-ից 20-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակիցները՝ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական հատվածում» ԵՄ  Թվինինգ ծրագրի 2-րդ բաղադրիչի շրջանակում գտնվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Ուսումնական այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական մարմիններում կոռուպցիայի կանխարգելման համատեքստում կիրառվող պրակտիկային, ծանոթանալ կանխարգելման գործառույթին և ներդրված գործիքակազմերին:

Ինչպես բաղադրիչի շրջանակում, այնպես էլ այցի ընթացքում կարևորվել են իրազեկվածության բարձրացման և հաղորդակցության առկա փորձի ուսումնասիրությունը: Աշխատակիցներն այցելել են Արդարադատության նախարարություն, որտեղ  հակակոռուպցիոն ոլորտի մասնագետների կողմից ներկայացվել է կոռուպցիայի կանխարգելումը Գերմանիայում, որը ներառում էր Հակակոռուպցիոն օրենսդրության և  ԱՆ հաղորդակցության ռազմավարության  վերաբերյալ տեղեկատվություն: Հանդիպման ընթացքում ծավալվել են քննարկումներ բարեվարքության հարցերով պատասխանատուի,  կոռուպցիայի կանխարգելման պատասխանատու բաժնի և իրավաբանական բաժնի աշխատակիցների հետ:

Հանձնաժողովի աշխատակիցները այցելել են Գերմանիայի Դաշնային խորհրդարան, կառավարության մամուլի և տեղեկատվության գրասենյակ, ծանոթացել իրազեկման աշխատանքներին, հանրային հատվածի և ԶԼՄ-ների հետ հաղորդակցման մեթոդներին, ինչպես նաև՝ Գերմանիայի Դաշնային կառավարության ներքին գործերի նախարարություն, որտեղ ծրագրի ղեկավար Ինգո Սորգացի կողմից ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման չափանիշները, անդրադարձ կատարելով Գերմանիաի պետական մարմինների միջև կոռուպցիայի կանխարգելման պարտականությունների բաշխման և միջգերատեսչական հաղորդակցության ռազմավարություններին:

Այցի շրջանակներում հանդիպումներ են եղել նաև Բեռլինում տեղակայված «Բերթելսման հիմնադրամի» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» աշխատակիցների հետ:

Հանդիպումների ավարտին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը: