ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Առաջնորդության հմտությունների ու կարողությունների զարգացում և կատարելագործում». Աշխատաժողով

13.11.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները նոյեմբերի 9-ին և 10-ին Հոլիդեյ ԻՆՆ Էքսպրես հյուրանոցում մասնակցել են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող "Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին" ծրագրի՝  «Առաջնորդության հմտությունների ու կարողությունների զարգացում և կատարելագործում» թեմայով վերապատրաստման դասընթացին։

«Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Կառավարությանը՝ ապահովելու դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում նախաձեռնված բարեփոխումների արդյունավետ իրականացումը։

Վերապատրաստման ծրագիրը նախատեսված էր շահառու հաստատությունների ղեկավար կազմի, մասնավորապես, բաժինների, վարչությունների պետերի և այլ կառավարիչների համար։

Աշխատաժողովի հիմնական նպատակն էր բարելավելու և կատարելագործելու արդարադատության ոլորտի աշխատակիցների առաջնորդության հմտություններն ու կարողությունները։ Վերապատրաստման ծրագիրը թիրախավորել էր հստակ ուղղություններ, որոնք հրամայական են կառավարիչների և թիմերի ղեկավարների համար, զուգահեռներ են անցկացվել առաջնորդության և  կառավարչության միջև՝ բարելավելու աշխատակիցների հմտություններն ու վարքագիծը: Մասնակիցները ծանոթացել են առաջնորդության արդի լավագույն փորձին, ժամանակակից գործիքներին ու մեթոդաբանությանը:

Վերապատրաստման շրջանակում հիմնական շեշտը դրվել է  թիմերը ղեկավարելու, դերային մոդելավորման, աշխատակիցների ներգրավման, ներուժի, ապագա տաղանդների և հիմնական տաղանդները պահպանելու գործիքների բացահայտման վրա:

Աշխատաժողովի ավարտին մասնակիցներին տրվել են  հավաստագրեր: