ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 16.10-17.11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

17.11.2023


1.        Հոկտեմբերի 15-ից 20-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակիցները՝ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական հատվածում» ԵՄ Թվինինգ ծրագրի 2-րդ բաղադրիչի շրջանակում գտնվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Ուսումնական այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական մարմիններում կոռուպցիայի կանխարգելման համատեքստում կիրառվող պրակտիկային, ծանոթանալ կանխարգելման գործառույթին և ներդրված գործիքակազմերին:

Ինչպես բաղադրիչի շրջանակում, այնպես էլ այցի ընթացքում կարևորվել են իրազեկվածության բարձրացման և հաղորդակցության առկա փորձի ուսումնասիրությունը: Աշխատակիցներն այցելել են Արդարադատության նախարարություն, որտեղ հակակոռուպցիոն ոլորտի մասնագետների կողմից ներկայացվել է կոռուպցիայի կանխարգելումը Գերմանիայում, որը ներառում էր Հակակոռուպցիոն օրենսդրության և ԱՆ հաղորդակցության ռազմավարության վերաբերյալ տեղեկատվություն:

2.      Հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծություն վարչության պետ Կարեն Հակոբյանը և Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Տիգրանուհի Խալաֆյանը հոկտեմբերի 16-19-ը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) իրավաբանական դեպարտամենտի և ԱՄՀ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոնի (CCAMTAC) կողմից կազմակերպված` «Կոռուպցիայի հակազդում իրավական, կազմակերպչական և ռազմավարական մոտեցումներ» խորագրով աշխատաժողովին:

Քննարկումների առանցքում եղել են հակակոռուպցիոն բարեփոխումները, կոռուպցիայի հակազդման մեխանիզմների պլանավորումը, արդյունավետ հակակոռուպցիոն ինստիտուտների և օրենսդրության հիմնարար սկզբունքները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՀ մոտեցումները։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու կոռուպցիայի դեմ պայքարում իրենց երկրների և ինստիտուտների փորձը, քննարկվել են ԱՄՀ հետ համագործակցության հեռանկարային հարցեր։

3.          Հանձնաժողովի աշխատակիցները նոյեմբերի 9-ին և 10-ին Հոլիդեյ ԻՆՆ Էքսպրես հյուրանոցում մասնակցել են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող "Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին" ծրագրի՝ «Առաջնորդության հմտությունների ու կարողությունների զարգացում և կատարելագործում» թեմայով վերապատրաստման դասընթացին։

«Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Կառավարությանը՝ ապահովելու դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում նախաձեռնված բարեփոխումների արդյունավետ իրականացումը։

Վերապատրաստման ծրագիրը նախատեսված էր շահառու հաստատությունների ղեկավար կազմի, մասնավորապես, բաժինների, վարչությունների պետերի և այլ կառավարիչների համար։

4.       Հանձնաժողովը նոյեմբերի 15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում իր գործունեության 4-ամյակն ամփոփեց հանդիսավոր միջոցառմամբ, որին մասնակցում էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, միջազգային կազմակերպություններից և գործընկեր կառույցներից ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն՝ ընգծելով, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի կանխարգելումը ինստիտուցիոնալ մակարդակում այլևս անշրջելի իրողություն է:

Հայկուհի Հարությունյանն իր խոսքում ընդծեց, որ հյուրերի մեծ մասն առնչություն ունի Հանձնաժողովի իրական բովանդակային ու ամենօրյա աշխատանքների հետ: Նրանք հանձնաժողովի աշխատանքներին առնչվել են հենց 2020 թվականից: Նաև նրանց աջակցությամբ է Հանձնաժողովն արատավոր երևույթի՝ կոռուպցիայի նկատմամբ զգայունություն և բացասական վերաբերմունք ձևավորել:

Հայկուհի Հրությունյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, Ազգային Ժողովին, դատական իշխանությանը, միջազգային գործընկերներին և դեսպանություններին, որոնք մինչ օրս ինտեսիվ և համագործակցային սկզբունքով շարունակում են աշխատանքը Հանձնաժողովի հետ և կիսում են այն սկզբունքայնությունը, արժեքները, որոնք իսկապես ՀՀ-ում մշակույթ, վարքագիծ և իրավիճակ են փոփոխում, ինչպես նաև երախտիքի և շնորհակալության խոսք հղեց Հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին: