ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիոն ռիսկերի կառավարման վերաբերյալ վերապատրաստում պետական մասնակցությամբ կազմակերպությունների համար

23.11.2023


2023 թվականի նոյեմբերի 21-22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմակերպել էր վերապատրաստում «Պետական մասնակցությամբ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի կառավարում» թեմայով, որին մասնակցում էին ինչպես պետական մասնակցությամբ կազմակերպությունների և համապատասխան նախարարությունների, այնպես էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Հաշվեքննիչ պալատի, Երևանի քաղաքապետարանի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վերապատրաստումն անցկացվում էր «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ թվինինգ ծրագրի շրջանակում:

Վերապատրաստման առաջին օրը բացման խոսքով հանդես եկան Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը և ծրագրի փորձագետ Ֆելիքս Բուրխարտը՝ շեշտադրելով նման միջոցառումների կարևորությունը պետական մասնակցությամբ կազմակերպություններում բարեվարքության խթանման և կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգերի ներդրման ճանապարհին: Այնուհետև, ԿԿՀ մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև Ասրյանը մասնակիցներին ներկայացրեց հետևյալ թեմաները, այդ թվում՝ խմբային աշխատանքների և քննարկումների անցկացմամբ

. Կոռուպցիոն ռիսկերի կառավարման (ԿՌԿ) հասկացությունը և նպատակները: Կոռուպցիոն ռիսկերի կառավարումը որպես բարեվարքության համակարգի մաս:
. Կոռուպցիոն ռիսկերի կառավարման և բարեվարքության ազգային շրջանակ:
. Կոռուպցիոն ռիսկերի կառավարման և բարեվարքության միջազգային շրջանակ (Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիա (UNCAC), G20-ի բարձր մակարդակի սկզբունքներ, ՏՀԶԿ ուղեցույցներ):
. Ինստիտուցիոնալ շրջանակ
կոռուպցիոն ռիսկերի կառավարման իրականացմանն ու մոնիթորինգին առնչվող պարտականությունների ներկայացում:

Վերապատրաստման երկրորդ օրը ծրագրի փորձագետ Սիլվիա Շպատը ներկայացրեց կոռուպցիոն ռիսկերի կառավարման մեթոդաբանության նախագծի հիմնական գծերը՝ շեշտադրելով, որ այն մշակվել է հաշվի առնելով ՏՀԶԿ-ի հիմնական ստանդարտները, ինչպես նաև Գերմանիայի և Լատվիայի լավագույն փորձը, որից հետո ՏԱսրյանն անդրադարձավ հետևյալ թեմաներին

. Ռիսկերի բացահայտում ռիսկերի բացահայտման գործընթացը ԿՌԿ մեթոդաբանության հիման վրա:
. Ռիսկերի գնահատման իրականացում
ռիսկերի գնահատման գործընթացի, այդ թվում՝ գործընթացի համար պատասխանատու բարեվարքության ստորաբաժանման պարտականությունները:
. Ռիսկերի նվազեցման և իրականացման ռազմավարություններ, միջոցառումների իրականացման գործընթաց և մոնիտորինգ:

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով մեթոդաբանության հիման վրա գնահատեցին պայմանական կազմակերպությունների գործունեության տարբեր ոլորտներ և առաջարկեցին ռիսկերի նվազեցման միջոցառումներ: