ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 20.11-24.11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

27.11.2023


1.     Նոյեմբերի 18-ից 20-ը Երևանում ընթանում էր Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը, որին մասնակցում էին 47 երկրից շուրջ 300 պատվիրակ:

Նստաշրջանի ընթացքում ելույթի խոսքով հանդես է եկել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամ Մարիամ Գալստյանը:

Մարիամ Գալստյանը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում առավել ուշագրավ ձեռքբերումներից առանձնացրել է Հանձնաժողովի՝ որպես անկախ կանխարգելիչ մարմնի ձևավորումը՝ ընդգծելով, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ շեշտը դրվեց, առաջին հերթին, կոռուպցիայի կանխարգելման և մարդկանց մտածելակերպի փոփոխության վրա։ Գալստյանը ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման ոլորտում օրենսդրական և գործնական մակարդակում իրականացված քայլերը, Հանձնաժողովի գործունեության արդյունքները, նախատեսվող ծրագրերը, այդ թվում՝ թվային լուծումների միջոցով արդյունավետության բարձրացումը:

2.    Հանձնաժողովը, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, սույն թվականի նոյեմբերի 13-ից 17-ն իրականացրել է «Համայնքային ծառայողների բարեվարքությունը» թեմայով վերապատրաստողների վերապատրաստման (ToT) դասընթաց՝ Երևանի համայնքապետարանի և Երևանի վարչական շրջանների թվով 18 համայնքային ծառայողների համար:

Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են Հանձնաժողովի կողմից մշակված՝ Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները և դրանց մեկնաբանությունները: Վերապատրաստման շրջանակներում համայնքային ծառայողները հնարավորություն ունեցան ծանոթանալու դասընթացների վարման մեթոդաբանության տարրերին, ինչպես նաև՝ գործնականում ներկայացնելու իրենց աշխատանքները:

3.    2023 թվականի նոյեմբերի 21-22-ին Հանձնաժողովը կազմակերպել էր վերապատրաստում «Պետական մասնակցությամբ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի կառավարում» թեմայով, որին մասնակցում էին ինչպես պետական մասնակցությամբ կազմակերպությունների և համապատասխան նախարարությունների, այնպես էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Հաշվեքննիչ պալատի, Երևանի քաղաքապետարանի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վերապատրաստումն անցկացվում էր «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ թվինինգ ծրագրի շրջանակում:

Վերապատրաստման առաջին օրը բացման խոսքով հանդես են եկել Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը և ծրագրի փորձագետ Ֆելիքս Բուրխարտը՝ շեշտադրելով նման միջոցառումների կարևորությունը պետական մասնակցությամբ կազմակերպություններում բարեվարքության խթանման և կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգերի ներդրման ճանապարհին: