ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Երեխաների իրավունքները» և «Կոռուպցիա». Ինտեգրված դաս Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցում

29.11.2023


«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) վերապահված է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրերի և միջոցառումների  իրականացում: Կրթական միջոցառումների և հանրային իրազեկման հիմնական նպատակը հասարակության գիտակցության մեջ կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման մշակույթի ստեղծումն ու ամրապնդումն է։

Այս համատեքստում նոյեմբերի 28-ին Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները, այցելել  են Հրազդանի թիվ 1 ավագ դպրոց, որտեղ իրականացրել են «Երեխաների իրավունքները» և «Կոռուպցիա» թեմաներով ինտեգրված դաս:

Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվել է «Կոռուպցիա» հասկացությունը, դրա դեմ պայքարի միջոցները, հակակոռուպցիոն բարեփոխումները, կոռուպցիայի դրսևորումները, պատճառները, տեսակները,  կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգը՝ կարևորելով «Կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության» տեսանկյունից Հանձնաժողովի դերակատարումը:

Կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել են Հանձնաժողովի կողմից մշակված կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ աշակերտների գիտելիքների և իրազեկվածության բարձրացմանն ուղղված խաղեր:

Հանդիպման վերջում դպրոցի աշակերտները Հանձնաժողովի աշխատակիցներին են ներկայացրել երեխանների իրավունքներին նվիրված պաստառներ՝ պատրաստված իրենց կողմից,  որոնց շուրջ ծավալվել են ակտիվ և մասնակցային քննարկումներ կոռուպցիա երևույթի և երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ, ինչպես նաև հնչել են թեմային առնչվող տարաբնույթ հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ: