ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ի գիտություն պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնադրամների, առևտրային կազմակերպության գործադիր մարմինների ղեկավարների

19.12.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխության համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են համարվելու նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները), որոնք օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում Հանձնաժողովի պահանջով ներկայացնելու են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ըստ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25.1-ին հոդվածի 1-ին մասի՝ Հանձնաժողովի պատճառաբանված որոշման հիման վրա գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր պահանջելու հիմքերն են՝ հայտարարագրման ենթակա տվյալների արժանահավատության, ամբողջականության, գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, նվազում կամ ծախս) օրինականության վերաբերյալ հրապարակումները, Հանձնաժողովին ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները, Հանձնաժողովի լիազորությունների իրականացման ընթացքում, ինչպես նաև այլ պետական մարմիններից Հանձնաժողովին հայտնի դարձած տեղեկությունները:

Այսպիսով, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» և այլ հարակից օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների դրույթները, որոնցով նախատեսվում է հայտարարագրերի ներկայացման պարտականություն, վերաբերելի են վերոնշյալ՝ իրավիճակային հայտարարագրին: