ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 27.11-29.12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

29.12.2023


1.     Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամ Լիլիթ Ալեքսանյանը 2023 թվականի նոյեմբերի 24-ին Փարիզում մասնակցել է ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի գործարար բարեվարքության խմբի երրորդ հանդիպմանը՝ ներկայացնելով ՀՀ-ում գործարար բարեվարքության ոլորտում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Ալեքսանյանը նախ անդրադարձել է Հայաստանում վերջին չորս տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումներին՝ շեշտադրելով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացումը, ինչպես նաև հակակոռուպցիոն երկու ռազմավարությունները: Ներկայացվել են նաև մանրամասներ նոր հակակոռուպցիոն ռազմավարության մեջ գործարար բարեվարքության ամրապնդման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությունները՝ պետական մասնակցությամբ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և կառավարման նոր մեթոդաբանությունը և նույն կազմակերպություններում բարեվարքության կենտրոնացված համակարգի ներդրումը:

2.    «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով Հանձնաժողովին վերապահված է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրերի և միջոցառումների  իրականացում: Կրթական միջոցառումների և հանրային իրազեկման հիմնական նպատակը հասարակության գիտակցության մեջ կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման մշակույթի ստեղծումն ու ամրապնդումն է։

Այս համատեքստում Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները, իրականացրել են մի շարք այցելություններ Հրազդանի և Տավուշի մարզերում.

Ø  «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ». Իրազեկման հանդիպում Տավուշի մարզի գյուղ Ծաղկավանում

Ø  «Երեխաների իրավունքները» և «Կոռուպցիա». Ինտեգրված դաս Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցում

Ø  «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ». Իրազեկման հանդիպումներ Տավուշի մարզում

Հանդիպումներին ներկա են եղել շուրջ 80 աշակերտներ, ովքեր «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ ձեռք բերած իրենց գիտելիքները խորացրել են դասընթացի ընթացքում:

Դասընթացների սկզբում Հանձնաժողովի աշխատակիցները և աշակերտները քննարկել են «Կոռուպցիա» հասկացության, վերջինիս դեմ պայքարելու միջոցների մասին:

Հանդիպումների ընթացքում մասնակիցներին ներկայացվել է տեսանյութ, ծավալվել են ակտիվ քննարկումներ «Կոռուպցիա» հասկացության, դրսևորումների, տիպաբանության, հակակոռուպցիոն բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, Հանձնաժողովի գործառույթների մասին:

3.    Հանձնաժողովը կարևորելով կոռուպցիայի կանխարգելման գործընթացում լրատվամիջոցների, խոսնակների դերակատարումը, նրանց  ներգրավումը և ապավինումը հանրության առավել լայն հատվածների՝ կոռուպցիայի կանխարգելման գործընթացներում  ներգրավելու համար, դեկտեմբերի 13-ին և 14-ին կազմակերպել էր «Կոռուպցիայի կանխարգելման կարեվորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով աշխատաժողով:

Բանախոսները անդրադարձ են կատարել բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պարտականություն կրող պաշտոններին, անհամատեղելիության պահանջների արգելքներին, ընդունվող իրավական ակտերի հետևանքներին, հայտարարագրման համակարգի նպատակներին, հայտարարատու պաշտոնների խմբերին, վերլուծության գործընթացին, օրենսդրական կարգավորումներին, շահերի բախման իրավիճակների լուծումներին և այլն:

Այնուհետև  World Café ձևաչափով կազմակերպվել է իրավիճակային դեպքերի քննարկում, որի ընթացքում մասնակիցները ներակայացրել են իրենց հուզող հարցերը:

4.    ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում 2022 թվականից մեկնարկած մաքսային ծառայողների համար նախատեսված Մաքսային ծառայողի պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերի շրջանակներում «Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ» թեմայով դասընթացը վարել է Հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը:

Դասընթացներին մասնակցել են ինչպես գործող մաքսային ծառայողներ, այնպես էլ մաքսային ծառայության համակարգ մուտք գործելու համար հայտ ներկայացրած թեկնածուներ:

Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի շրջանակներում միայն 2023 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին նշված դասընթացը կազմակերպվել է 566 գործող մաքսային ծառայողների և թեկնածուների, ինպես նաև մաքսային համակարգի ղեկավար անձնակազմի 56 պաշտոնատար անձի համար: Հատկանշական է, որ 2022 թվականի ընթացքում նշված դասընթացներին մասնակցել էին ևս 250 գործող մաքսային ծառայողներ և թեկնածուներ: