ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 01.02.2024-20.02.2024-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

26.02.2024


1.     Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը հունվարի 31-ին հյուրընկալվել էր Առաջին լրատվական ալիքին: Հարցազրույցի ընթացքում Մ. Գալստյանը անդրադարձել է 2023թ.-ի կոռուպցիայի ընկալման համաթվին՝ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը մտահոգիչ է ամբողջ աշխարհում. «Կոռուպցիայի ընկալման համաշխարհային միջինը 45 է, այսինքն նույնիսկ Հայաստանի 47 միավորը ավելի բարձր է քան համաշխարհային միջինը»:

Մ.Գալստյանը իր խոսքում անդրադարձել է նախորդ տարիների կոռուպցիայի ընկալման համաթվին, առկա խնդիրներին և մարտահրավերներին, ինչպես նաև Հանձնաժողովի գործառույթների շրջանակին:

2.    Հունվարի 31-ից փետրվարի 2-ը, Հանձնաժողովում «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ Ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 1.3 բաղադրիչի շրջանակներում, տեղի է ունեցել թվով 10 վերապատրաստող դասախոսների հետ աշխատաժողով, որին ներկա են գտնվել մասնակիցներ ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններից, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Պետական կառավարման ակադեմիա, Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան:

Եռօրյա աշխատաժողովի նպատակն էր մշակված երեք մոդուլների, դիդակտիկ նյութերի, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթական հմտությունների և կարողություննեի քննարկումը և փոխանցումը մասնակիցներին՝ ներդնելու բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ուսումնական պլաններում:

3.    Հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը փետրվարի 5-ին Առաջին լրատվական ալիքին ներկայացրել է մեկ տարի առաջ ներդրված հայտարարագրման էլեկտրոնային համակարգի առավելությունները՝ ընդգծելով, որ նոր գործիքակազմի շնորհիվ էապես նվազեցվել է սխալ հայտարարագիր ներկայացնելու հավանականությունը, ապահովվել է փոխգործելիությունը պետական մարմինների շտեմարանների և հայտարարագրերի միջև:

Կ. Հակոբյանը նշել է, որ 2023 թվականի ընթացքում օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող, սակայն համապատասխան հայտարարագրերը չներկայացրած 500-ից ավելի հայտարարատուների Հանձնաժողովը ուղարկել է գրավոր ծանուցումներ, որոնց արդյունքում մեծամասամբ ներկայացվել են բացակայող հայտարարագրերը և թվով 20 հայտարարատուների մասով Հանձնաժողովն իրականացրել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:

4.    Հանձնաժողովում ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի 2.3 ենթաբաղադրիչի շրջանակներում, փետրվարի 12-16-ը կազմակերպվել է Հանձնաժողովի աշխատակիցների համար եռօրյա վերապատրաստում` ուղղված հաղորդակցության հմտությունների և կարողությունների զարգացմանը:

Բաղադրիչի ղեկավար Դետլեֆ Կրեութսերը և փորձագետ Թորսթոն Ռուբբելը վերապատրաստման ընթացքում անդրադարձ են կատարել պատմապատմանը (storytelling)` որպես հաղորդակցության արդյունավետ գործիքի, կիրառման ոլորտներին, մեթոդական մոտեցումներին, սոցիալական մեդիայի կիրառման նրբություններին, ինչպես նաև հաշվետվությունների և հաղորդագրությունների մշակմանը:

5.    Հանձնաժողովը, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի գործընկերների աջակցությամբ, մեկնարկել է «Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» խորագրով քառօրյա վերապատրաստման դասընթացը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում նշանակված հայտարարագրման գործընթացի խորհրդատուների համար:

Վերապատրաստման մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը, ով շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ ցուցաբերած հետաքրքրվածության համար և շեշտել հայտարարագրման գործընթացի խորհրդատուների կարևոր դերը պետական մարմինների ու Հանձնաժողովի համագործակցության շրջանակներում:

Հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մասնակիցներին ներկայացրել է հայտարարագրման համակարգի նպատակը, հայտարարատուների շրջանակը, հայտարարագրերի տեսակներն ու դրանց ներկայացման ժամկետները, հայտարարագրման ենթակա տվյալները, հայտարարագրերի ստուգման և վերլուծության գործընթացները, հայտարարագրերի համար կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նաև հայտարարագրման էլեկտրոնային համակարգը, նրա կառուցվածքը, ֆունկցիոնալությունը, հայտարարագրերի հրապարակային ռեեստրի հնարավորությունները: