ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության գնահատման զեկույցի ներկայացում

28.03.2024


Մարտի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամները և ստորաբաժանման ղեկավարները մասնակցել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացված՝ Հանձնաժողովի գործունեության գնահատման արդյունքների ներկայացման միջոցառմանը:

Ուսումնասիրությունն իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

ԿԿՀ գործունեությունն ուսումնասիրվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից մշակված՝ հակակոռուպցիոն մարմինների գնահատման մեթոդաբանության հիման վրա՝ գնահատելով ԿԿՀ-ն 6 չափման ուղղություններով, ներառյալ՝ կառույցի անկախությունն ու կարգավիճակը, ֆինասնական ու մարդկային ռեսուրսներով ապահովվածությունը, հաշվետվողականությունն ու ներքին բարեվարքությունը, կոռուպցիայի կանխարգելումը, հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը, հանրային պաշտոնյաների և ծառայողների բարեվարքության պահանջների ապահովումը, համագործակցությունն ու արտաքին հարաբերությունները։ Կիրառված մեթոդաբանությունը հնարավորություն է տվել գնահատել ԿԿՀ-ի գործունեությունը նաև Ջակարտայի սկզբունքներին համապատասխանության և արտաքին ու ներքին գործոնների ազդեցության տեսանկյունից։ Գնահատումն իրականացվել է ԿԿՀ ձևավորումից մինչ 2022թ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։

Հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել կատարված աշխատանքի և արդյունքները համապարփակ ներկայացնելու համար՝ նշելով, որ գնահատումն իրականացվել է 2022 թվականի արդյունքներով, ու զեկույցում մատնանշված մի շարք խնդիրներ արդեն լուծված են կամ քայլեր են ձեռնարկվում լուծման ուղղությամբ և արդյունքները շոշափելի կդառնան առաջիկա տարում։