ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Մամուլում տեղ գտած հրապարակման հերքում

22.04.2024


 Սույն թվականի ապրիլի 18-ն «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակվել է  «ՔՊ-ական քաղաքապետի դեպքում` վարչական վարույթ, ոչ ՔՊ-ականի` Մամիկոն Ասլանյանի դեպքում` քրգործ, կալանք» վերտառությամբ հոդված` https://armlur.am/1360191/,  որը փաստացի անճշտություններ է ներկայացնում։

Հոդվածը, մասնավորապես, վերաբերում է Հանձնաժողովի կողմից սույն թվականի ապրիլի 15-ին ընդունված՝ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին ՎԻՎ/66/2024 որոշմանը, որով Հանձնաժողովը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի հատկանիշներով վարույթ է հարուցել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի նկատմամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը, անդրադառնալով Հանձնաժողովի վերոնշյալ որոշմանը, նշել է, թե միևնույն արարքի համար նախկինում  քրեական գործ  է հարուցվել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի նկատմամբ, մինչդեռ, սույն գործի շրջանակներում տարբերակվող որոշում է կայացվել՝ վարչական վարույթի հարուցմամբ։

Հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվության առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ Հանձնաժողովն, ուսումնասիրելով «Հետք» լրատվական կայքի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերտառությամբ հոդվածը, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշները քննելու նպատակով դեռևս սույն թվականի մարտի 5-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: Ինչպես նախկինում արդեն ներկայացվել է այլ լրատվական կայքերի կողմից՝ Հանձնաժողովի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել  է քրեական վարույթ, որը միացվել է «Հետք» լրատվական կայքի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ վարչական իրավախախտման վարույթն առանձին գործընթաց է և որևէ կերպ չի բացառում քրեական վարույթի նախաձեռնումը։

Հանձնաժողովը կոչ է անում ԶԼՄ ներկայացուցիչներին իր գործունեության, այդ թվում՝ որոշումների վերաբերյալ հրապարակումներ կատարելիս տվյալներն ուսումնասիրել համապարփակ և ամբողջական և զերծ մնալ փաստերի խեղաթյուրումից։